Արիան AMU տառատեսակի ստեղծման պատմությունը
1998 թվականին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակի պատվերով հեղինակը ստեղծեց Arial AM տառատեսակը՝ Համացանցի հայերեն մասում ArmSCII-8 այլագրմամբ աշխատելու համար։
Դրա անհրաժեշտությունը բխում էր նրանից, որ այդ պահին հայկական ոչ մի համակարգչային տառատեսակ չէր նախատեսված ցուցադրիչների վահանների վրա աշխատելու համար։ Բանն այն է, որ եթե արտածող տեսասարքի տարլուծումը չի գերազանցում գոնե 600 կմվ (կետ մատնաչափի վրա) գրանշանների ուրվագծերը կետավորվում են կամայական ձեւով, եւ դա բերում է տառերի աղավաղման եւ ընթեռնելիության նվազման։
Դա այնքան էլ էական չէ տպագրության դեպքում, քանի որ նույնիսկ գրասենյակային տպիչների տալուծումը 600 կմվ-ից ավել է, սակայն ցուցադրիչների տարլուծումը սովորաբար չի գերազանցում 96 կմվ, եւ այս դեպքում կտրուկ վատթարանում է ցանկացած գրվածքի վահանային պատկերը ու հատկապես համացանցային կայքերի տեսքը եւ գրավչությունը։
Խնդիրը լուծելու համար կիրառվում է, մասնավորապես, այսպես կոչված «կետաշտկման» (hinting) եղանակ, երբ տառատեսակի համակարգչային նիշքում լրացուցիչ նկարագրվում է, թե ո՛ր դեպքում ինչպե՛ս պիտի կետավորվի տվյալ գրանշանի ուրվագիծը։ Սովորաբար ցանկացած տառաստեղծական ձրագիր ունի ինքնակետաշտկման հնարավորություն, սակայն դրա շնորհիվ խնդիրը մասնակիորեն է լուծվում։ Կատարելապես այն հնարավոր է լուծել միայն ձեռքով կետաշտկվելու եղանակով։ Դա բավականին աշխատատար՝ շաբաթներ պահանջող եղանակ է, եւ այն պահին շատերը բավարարվում էին (ու դեռ հիմա էլ հաճախ բավարարվում են) չկետաշտկված տառատեսակներով։ Այդ էր պատճառը, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակը որոշեց պատվիրել նման տառատեսակ։ Տառատեսակներից մեկը ստացավ Arial AM անունը, որի երկրոդ բաղադրիչը Հայաստանի լատինատառ երկտառ այլագիրն է, եւ սկսեց անվճար տարածվել նույն ծրագրի շրջանակներում Հովիկ Մելիքյանի ստեղծած ArmNLS2.0 ստեղնաշարի սարքավարի հետ՝ մեկ փաթեթով։
Երբ ռուսաստանյան ABBYY ընկերությունը ստեղծեց իր հայտնի FineReader տառաճանաչող ծրագրի հայերենով աշխատող վարկածը անհրաժեշտ եղավ ունենալ Arial AM-ի որակի մի որեւէ տառատեսակ, որը սակայն կունենար Յունիկոդ այլագրում։ Ստանալով հեղինակի թույլտվությունը ABBYY-ի ընկերությունում պատրաստեցին Arial AM-ի Յունիկոդային վարկածը, որը ստացավ Arial AMU անվանումը եւ սկսեցին այն տարածել FineReader-ի փաթեթով։ Սակայն ABBYY-ի իրականացրած վերայլագրման արդյունքում Arial AM-ի ArmSCII-8 այլագրումը չվերացավ, այլ պարզապես նրան հավելվեցին Յունիկոդ այլագրերը։ Արդյունքում, այս նոր տառատեսակը գործածելիս օգտվողը հաճախ չէր նկատում, թե ո՞ր այլագրմամբ է աշխատում. 8-բիթանոց ArmSCII-8-ո՞վ, թե՞ Յունիկոդով, ինչը հաճախ հանգեցնում էր թյուրիմացությունների։ Դրան ավելացել էր հայերեն չակերտների խնդիրը։ Բանն այն է, որ այն չակերտները, որոնք ընդունված է գործածել հայերենում, Յունիկոդում տեղադրված են դրա 8-բիթանոց մասնում, ընդ որում հենց այնտեղ, որտեղ ArmSCII-8-ում գտնվում են հայկական ստորակետը եւ փոքրատառ «ե»-ն։ Դա բերեց է նրան, որ հայերեն Յունիկոդ գրվածքներն այդ տառատեսակով դիտելիս չակերտների փոխարեն հայտնվում էին ստորակետ եւ փոքրատառ «ե»։
Լուծելու համար այդ խնդիրը եւ շտկելու համար տառատեսակի նկատված նաեւ այլ թերությունները հեղինակը որոշեց ստեղծել դրա բոլորովին նոր վարկածը՝ զրոյից։ Նախապես այն ստացավ նույն անունը, սակայն նրանում այլեւս չկար ArmSCII-8-ի հատվածը, ինչը վերացնում էր այդ տառատեսակի սկզբունքային թերությունը, դարձնելով այն Յունիկոդ համօրինակին լիովին համապատասխանող տառատեսակ։ Դրանից բացի, ի տարբերություն նախորդ վարկածի, սրանում ուղիղ եւ թավ ոճերից բացի կային նաեւ շեղ եւ թավ շեղ ոճերը։
Հետագայում, անվան հետ կապված թյուրիմացթյուններից խուսափելու նպատակով որոշվեց տառաատեսակը վերանվանել «Արիան», պահպանելով սակայն AMU հավելումը։ Իր առաջին թողարկման դրությամբ Արիան AMU-ն լիովին համընկնում էր Արիալ AMU-ին եւ որեւէ համակարգում դրա կիրառումը վերջինի փոխարեն չէր կարող որեւէ փոփոխություն մտցնել տվյալ համակարգում։ Սակայն հետագա բարելավումների արդյունքում հրատարակված վարկածները արդեն շեղվում են սկզբնական վարկածից եւ դա կարող է էապես փոխել ծրագրային արտադրանքի արտապատկերման առանձնահատկությունները, ինչը պետք է հաշվի առնվի կայքեր եւ այլ ծրագրային արտադրանք ստեղծների կողմից։