Գլխավոր

Այս կայքում ներկայացված է Արիան ԱՄՅու տառատեսակների ընտանիքը, որն ստեղծված է տառաստեղծ Ռուբեն Հակոբյանի (Թարումյանի) կողմից ապահովելու համար բարձրորակ աշխատանք բազմալեզու գրվածքներ կազմելիս։ Չնայած որ վերջին երկու տասնամյակների ընթացքում ստեղծվել են համակարգչային տասնյակ հայատառ տառատեսակներ, սակայն դեռեւս քիչ են բազմալեզու գրվածքների համար նախատեսվածները։ Սովորաբար բազմալեզու գրվածքի հայերեն եւ ոչ հայերեն հատվածները ստիպված են լինում իրագործել տարբեր տառատեսակներով, ինչը վատ է անդրադառնում աշխատանքի որակի վրա եւ հաճախ էլ տեխնիկական բարդությունների է հանգեցնում․ հատկապես՝ ծրագրային միջերեսներում։

Ներկայումս, Արիան ԱՄՅու-ն հայերենից բացի հնարավորություն է տալիս գրվածքներ կազմել բոլոր եւրոպական լեզուներով՝ լատինատառ, հունատառ եւ կիրիլատառ, ինչպես նաեւ վրացերեն եւ եբրայերեն, դրանով իսկ ծածկելով Հայաստանի բնակիչների լեզուների հետ կապված գրեթե բոլոր խնդիրները։ Դրանից բացի այն ներկայացված է ոճային երեք խմբերով՝ գրչագիր, շղագիր եւ միալայնք։ Նախատեսվում է նաեւ երկու ավանդական տառաոճերի (գրքի եւ արամյան) հավելումը, որը հնարավորություն կտա օգտագործել դրանք բանասիրական եւ գեղարվեստական բնույթի գրվածքներում, որոնք ավանդաբար ներկայացվում են այդ գրատեսակներով։

Ներկայացված նոր վարկածները իրագործվել են ARGA Foundation-ի աջակցությամբ։ Տառատեսակից օգտվելը լիովին ազատ է ու անվճար։ Տե՛ս «Թույլտվության համաձայնագիրը»։

Comments are closed.